Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հանրային հաշվետվության պահանջագիր

Հանրային հաշվետվության պահանջագիր
30.07.2025 | 14:01

ՀՀ արդարադատության նախարար, միջազգային իրավունքի գիտակ ներկայացող Սրբուհի Գալյանին և ՀՀ քրեակատարողական ծառայության պետ, հոգեբան-կրիմինոլոգի որակավորում ունեցող` Ծովինար Թադևոսյանին

Հարգելի տիկնայք,

Իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանը դարձել է տարատեսակ բռնաճնշումների թիրախ և զոհ, այդ թվում նաև Ձեր կողմից ստորադասության ղեկավարման գտնվող ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունում, Ձեր անմիջական մասնակցությամբ:

2025 թվականի հուլիսի 11-ին ուշ երեկոյան Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական երեխային ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայությունը ընդունել է որպես կալանավորված անձանց, շուրջ երկու օր պահել է այդ հիմնարկի թիվ 2 խցում:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական ծառայության թիվ 2 խուցը կալանավորված անձանց պահման օրենքով նախատեսված պայմաններին չի բավարարել:

Բացի այդ Լիանա Հարությունյանը և նրա ութ ամսական երեխան ընդունվել են ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ Ձերբակալված և կալանավորված անձանց պահման մասին ՀՀ օրենքի կոպիտ խախտումներով (կարանտինային պայմանների խախտում, մոր և մանկան պահման համար հատուկ պայմանների բացակայություն, առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների անտեսում, անվճար հատուկ սննդի և բուժօգնության բացակայություն):

Այս խախտումների հետևանքով Լիանա Հարությունյանի ութ ամսական երեխան, ով շուրջ երկու օր էր գտնվել ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում, շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի» բժշկական կենտրոն: Այս բժշկական կենտրոնում Լիանա Հարությունյանը և նրա երեխան գտնվել են կալանքի տակ, որն իրականացվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:

Վերոշարադրյալի կոպիտ խախտումները հավանաբար Ձեզ չէր բավարարել և Դուք անցել էիք լրացուցիչ բռնաճնշման գործիքակազմ կիրառելուն:

2025 թվականի հուլիսի 16-ին, Դուք իմ պաշտպանյալի՝ Լիանա Հարությունյանի և նրա երեխայի իրավունքների (որպես պացիենտի և որպես կալանքի տակ գտնվող անձանց) կոպիտ խախտմամբ տեսախցիկների, օպերատորների և այլ կողմնակի անձանց մասնակցությամբ ներխուժել եք նրանց հիվանդասենյակ, այդ ներխուժումը տեսաձայնագրել և հրապարակել եք:

Իմ պաշտպանյալից չեք հարցրել արդյոք նա ցանկանում է տարատեսակ անձանցից կազմված շքախմբի մասնակցությամբ տեսախցիկների առջև տեսակցել Ձեզ հետ:

Ով է Ձեզ թույլ տվել ապօրինաբար միջամտել իմ պաշտպանյալ` Լիանա Հարությունյանի և նրա ութ ամսական երեխայի անձնական և ընտանեկան կյանքին: Ով է Ձեզ հանձնարարել խախտել իմ պաշտպանյալի հիմնարար իրավունքները:

Բացի այդ.

Տիկին Գալյան, ով է թույլ տվել, որ իմ պաշտպանյալին Ձեր կողմից ղեկավարվող նախարարության աշխատակիցն անվանի «դատապարտյալ, ով գտնվում է պատիժը կատարող հիմնարկում և հետևաբար, Դուք իրավունք եք ունեցել անարգել մուտք գործել պատիժը կատարող հիմնարկ», տես` N 33600-2025, 28 հուլիսի 2025 թվականի գրությունը: Այսինքն, դատավոր Արշակ Մաթևոսյանն իմ պաշտպանյալ Լիանա Հարությունյանի նկատմամբ` երբ որոշում կայացրեց երեք ամսով կալանավորելու, դա ոչ թե խափանման միջոց կիրառելու որոշում էր, այլ պատիժ և Դուք էլ Ձեր հերթին հայտնում եք, որ Լիանա Հարությունյանը պատժված է, կրում է պատիժ և Դուք նրան այցելել եք որպես պատիժ կրող անձին տեսնելու լիազորությունների շրջանակում:

Տիկին Թադևոսյան, ով է Ձեզ թույլ տվել խախտել ՀՀ քրեական օրենսգիրքը, թույլ տալով արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործություններ` միջամտել իմ փաստաբանի գործունեությանը, տես` 13. 07.2025 թվականի հրապարակային հայտարարությունը և Ե-40/7-3952, 14 հուլիսի, 2025 թվականի գրությունը:

Տիկին Գալյան միջազգային դատարանի որոշման համար հատուկ ջանասիրությամբ մեկնաբանություն տրամադրելու փոխարեն, ճիշտ է և օրինական, որ Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին ստացված աշխատավարձով Դուք ուղղակի կատարեք Ձեր պարտականությունները: Նախ կարգի հրավիրեք Ձեզ` ներողություն խնդրեք Լիանա Հարությունյանից և նրա ընտանիքից, որ շքախմբով և տեսախցիկների աշխատանքով, հիգիենիկ հատուկ միջոցների և օրենքների պահանջների կոպիտ խախտմամբ ներխուժել եք հիվանդասենյակ և հրապարակել եք այդ ներխուժման վերաբերյալ տեսանյութ (16.07.2025 թվականի տեսանյութը):

Տիկին Թադևոսյան իմ գործունեությանը միջամտելու Ձեր ապօրինի և քրեորեն պատժելի նախաձեռնությունների փոխարեն, ճիշտ է և օրինական, որ Հայաստանի Հանրապետության հարկատուների հաշվին ստացված աշխատավարձով Դուք ուղղակի կատարեք Ձեր պարտականությունները կարգ ու կանոն հաստատեք քրեակատարողական հիմնարկներում, որպեսզի կալանավորված և դատապարտված անձանց կյանքի և առողջության իրավունքներն անտանելի բանտային պայմաններից չտուժեն, ութ ամսական երեխան անորակ սնունդից չթունավորվի և մարդիկ չմահանան:

Հ.Գ.

Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեի (CPT) այցելության զեկույցները կրկին լավ ընթերցեք, նաև լավ ընթերցեք կառավարության պատասխանները: CPT մշակել է չափորոշիչներ ազատազրկված անձանց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի վերաբերյալ: Այդ չափորոշիչները նույնպես լավ ընթերցեք և համեմատեք ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը, որտեղ պահվել են Լիանա Հարությունյանը և նրա երեխան՝ արդյոք համապատասխանում է այդ չափորոշիչներին:

Նաև մտածեք, որ առ այսօր չեք կատարել ստանձնած պարտավորությունը՝ կալանքի տակ գտնվող անձանց մասնագիտացված առողջապահական ծառայություններին հասանելիության ապահովման վերաբերյալ։ ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակակատարողական հիմնարկը նույնիսկ «Սմեկտա» դեղորայք չուներ:

Հարգանոք` փաստաբան Զարուհի Փոստանջյան

30.07. 2025 թվական

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ